Երեկվա օրը համառոտ. հունիսի 3

Եվրոպական խորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովը (DROI) արտահերթ նիստում քննարկել է Վրաստանի հարցը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) տեղեկացրել է երկրում հավատարմագրված միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ​​առաքելություններին, որ «վրացական FARA»-ն իրենց վրա չի տարածվում:

«Ռեժիմ», «ռեժիմի բանտարկյալներ», «այսպես կոչված` խորհրդարանի նախագահ». նմանօրինակ ձևակերպումների համար «Վրացական երազանք»-ը բողոք է ներկայացրել Կապի կարգավորող հանձնաժողով՝ ընդդեմ երկու ընդդիմադիր հեռուստաընկերությունների` «Ֆորմուլա»-ի և TV Pirveli-ի։

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Թելավիում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ոչ պաշտոնական այցի շրջանակներում։

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալիի շրջան) նախագահ Ալան Գագլոևը կադրային վերադասավորման շրջանակներում ռուս զինծառայող Յուրի Յարովիցկուն նշանակել է «պաշտպանության նախարար» (ՊՆ), իսկ Ինալ Սաբանովին, որը նախկինում դե ֆակտո գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարն էր, նշանակել է Յարովիցկու առաջին տեղակալ։

Լևան Մգալոբլիշվիլին լքել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության (ԻՀ) կառավարության նախագահի պաշտոնը։

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի տեղակալ Իոսեբ Ճելիձեն հրաժարական է տվել։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Դավիթ Արչվաձեն նշանակվել է գլխավոր տեսչության դեպարտամենտի տնօրեն։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2025 թվականի մայիսի տարեկան գնաճի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն՝ անցյալ ամիս տարեկան գնաճը կազմել է 3.5 տոկոս:

Հրապարակվել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի տարեկան զեկույցը, որը նա խորհրդարանին կներկայացնի հունիսի 27-ին։

Հռոմ կատարած այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Գիորգի Զուրաբաշվիլիի և Իտալիայում Վրաստանի ոստիկանության դիվանագիտական ​​ծառայության աշխատակից Վլադիմիր Բորչվաձեի հանդիպումը։ Քննարկման հիմնական թեման եղել է վարորդական իրավունքի փոխադարձ ճանաչման հարցը։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Խվիչա Կվարացխելիան կպարգևատրվի Սուրբ Գիորգիի շքանշանով՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։

Վրաստանի հանրային պաշտպանի վերջին խորհրդարանական զեկույցի համաձայն՝ 2024 թվականին կասեցվել/դադարեցվել է 10 հազար  800 աշակերտի կարգավիճակ, ինչը 2601-ով պակաս է 2023 թվականի ցուցանիշից։

COVID-19 համավարակից հետո ԵՄ-ում ապաստան փնտրող վրացիների թիվը կտրուկ աճել է և 2022 թվականին հասել 28 հազար 460 դիմումի գագաթնակետին, տեղեկացրել է ISET վտրլուծական հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։