Ծնունդով Ախալքալաքից աղջիկը` գեղեցկության մրցույթի հաղթող. երազանքից դեպի իրականություն

«Մանկուց դիտում էի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթը և երազում օրերից մի օր ես էլ լինեմ նմանատիպ մրցույթի մասնակից»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ անկեղծացավ Անուշ Աղաբալյանը՝ «Միսս Հայաստան 2025»-ում հաղթող 20-ամյա աղջիկը: Մրցույթի շրջանակներում նա ներկայացրել է Շիրակի մարզը:

Անուշը Ջավախքից է, Ախալքալաքի շրջանի Զակ գյուղից. սովորում է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում, անգլերենի և լատիներենի լեզվաբանական ֆակուլտետում: Նա նաև երգում է Թբիլիսիի կաթոլիկ եկեղեցում:

Անուշ Աղաբալյանը ջավախքցի բանաստեղծ, արձակագիր, Հայ գրողների միության անդամ Գուրի Եթերի (Գուրի Դանիելի Ավետիսյան) թոռնուհին է: Պատմեց, որ Թբիլիսիում սովորելուն զուգընթաց վայելում է ուսանողական արդյունավետ և ակտիվ կյանքը, չնայած նշեց՝ գյուղում էլ իր հետաքրքրություններն ունի.

«Երբ լինում եմ գյուղում, հաճախ զբաղվում եմ հողագործությամբ, մարմնամարզությամբ և նկարչությամբ»: 

Անուշը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ 2 ասպարեզները՝ կրթությունը և գեղեցկության մրցույթին մասնակցությունը հեշտ չեն տրվել, բայց փորձել է համատեղել երազանքները. 2 տարի անընդմեջ Թբիլիսիից մեկնել է Երևան՝ մասնակցելու մրցույթային դասընթացներին։

«2023 թվականին լրացրի «Միսս Հայաստան» ազգային մրցույթի հայտը, շուտով զանգահարեցին և կանչեցին քասթինգի, որից հետո էլ ասացին, որ անցել եմ: 2 տարի ամեն ամիս Թբիլիսիից գնացել եմ Երևան՝ դասընթացների և նկարահանումների, ինչը շատ դժվար էր համատեղել համալսարանական դասերիս հետ: Բայց միևնույն է, որոշեցի իրականացնել իմ երկու վաղեմի նպատակները՝ ուսումը և գեղեցկության մրցույթը»,- պատմեց Անուշը` հավելելով, որ այլ բաների հետ մեկտեղ շատ կարևոր է ինքնակրթությունը, որը իր կյանքի մի մասն է կազմում. զբաղվում է նաև սպորտով, հատկապես` վազքով: 

Զգացողությունների մասին խոսելիս 20-ամյա աղջնակը նշեց, որ մրցույթի ամբողջ ընթացքում անսահման հանգիստ է զգացել իրեն, չի լարվել, «անկախ նրանից` կհաղթեի, թե ոչ, շատ հանգիստ էի, բայց երբ հայտարարեցին իմ անունը, մի պահ չհավատացի»։ Ըստ Անուշի` հենց այդ հանգստությունն էր, որ իրեն օգնեց ամբողջ ելույթի ընթացքում:

«Միսս Հայաստան 2025» մրցույթը կայացել է հունիսի 11-ին, Երևանում. մրցույթի եզրափակիչ անցած 20 մասնակիցները հանդիսատեսի առջև ներկայացել են 3 կերպարով՝ ազգային հագուստ, լողազգեստ և երեկոյան զգեստ: Այնուհետև ժյուրիի ընտրած 10 մասնակիցները պատասխանել են հարցերին, որի արդյունքում որոշվել է հաղթողը: «Վիցե միսս» տիտղոսին արժանացել է 21-ամյա լոռեցի Մարիամ Խաչատրյանը: