«Վրացական երազանք»-ի խորհրդարանը Գիորգի Գվարակիձեին հաստատեց գլխավոր դատախազի պաշտոնում (83 կողմ, 0 դեմ)։
Գվարակիձեի թեկնածությունը խորհրդարանին էր ներկայացրել Դատախազական խորհուրդը։
Հունիսի 18-ին Դատախազական խորհուրդը հայտարարեց, որ Խորհրդի անդամները ձայների մեծամասնությամբ գլխավոր դատախազի թեկնածու են ընտրել Գիորգի Գվարակիձեին։ Նա միակ թեկնածուն էր։
Գիորգի Գվարակիձեն Վրաստանի դատախազությունում սկսել է աշխատել 2003 թվականից որպես դատախազ-ստաժոր և տարիների ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
Նա նաև զբաղեցրել է Հատուկ քննչական ծառայության Հատուկ քննչական վարչության պետի տեղակալի և քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնները։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Գիորգի Գաբիտաշվիլին հրաժարական է տվել գլխավոր դատախազի պաշտոնից։ Գիորգի Գաբիտաշվիլին այն մարդկանցից մեկն է, որոնց ապրիլի 10-ին Միացյալ Թագավորությունն ավելացրել է մարդու իրավունքների համաշխարհային պատժամիջոցների ցանկում։