Հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում տեղի է ունեցել Վրաստանի վերաբերյալ քննարկում։
«Կոչ՝ անհապաղ ազատ արձակել Վրաստանում քաղբանտարկյալներին»՝ այս խորագիրն է միավորել վեհաժողովի անդամներին, որոնց ելույթները սուր քննադատություն էին պարունակում Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Առաջին ելույթ ունեցողը՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Սթիվեն Գեթինսը, նշել է, որ եվրոպական մայրցամաքում գտնվելը չի նշանակում լինել Եվրոպայի մաս, այլ պահանջում է պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները, և ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը ԵՄ անդամակցության պայման է:
Մեծ Բրիտանիայի մեկ այլ պատգամավոր՝ Պերան Մունը, ընդգծել է պատժամիջոցների անհրաժեշտությունը.
«Եթե մենք լուրջ ենք տրամադրված Վրաստանում քաղաքական հետապնդումներին քաջաբար դիմակայողներին աջակցելու հարցում, ապա պետք է այս բռնաճնշումների համար պատասխանատուներին թիրախավորենք ոչ միայն խոսքով, այլև գործով»։
Ավստրիացի պատգամավոր Պետրա Բայրը խոսել է Վրաստանում ընթացող բողոքի ցույցերի, նաև ընդդիմության և ցուցարարների դեմ կիրառվող «ճնշման» և արգելքի մասին: