Նոր հոդվածով կարգելվի դատապարտյալների հետ անօրինական գործարք կնքել

Ֆինանսական հանցանքի համար դատապարտված անձին գումար կամ գույք փոխանցելը կհամարվի հանցագործություն։ Հանցագործություն կհամարվի նաև, եթե նշված անձը գույք ստանա։

Վրաստանի քրեական օրենսգրքին կավելանա նոր հոդված, որը կսահմանի դատապարտյալների հետ անօրինական գործարքներ կնքելու արգելքը։

Այս տեղեկությունը հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Արչիլ Գորդուլաձեն։

Նրա խոսքով՝ ֆինանսական հանցանքի համար դատապարտված անձը, որը չի կատարել տուժողին փոխհատուցելու պարտավորությունը, չի կարող մեկ ամսվա ընթացքում ստանալ միջին սպառողի նվազագույն կենսապահովման կրկնակի չափից ավելի օգուտ։

Նոր օրենքի համաձայն՝ նման դատապարտվածի կողմից ապրուստի նվազագույնի կրկնակի չափից ավելի օգուտ ստանալը պատժվելու է տուգանքով կամ մինչև երեք տարվա ազատազրկմամբ, իսկ ապրուստի նվազագույնի կրկնակի չափից ավելի օգուտ հանձնելը պատժվելու է տուգանքով կամ մինչև հինգ տարվա ազատազրկմամբ: