Կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով մեկ մարդ է ձերբակալվել Թբիլիսիում

Վրաստանի դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Թբիլիսիում ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության փորձի համար։

Դատախազության տվյալներով՝ Ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ հուլիսի 2-ին վիճաբանության ժամանակ մեղադրյալը հրազենից մի քանի անգամ կրակել է երկու անձի վրա։ Ստացված վնասվածքների հետևանքով նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս անձին հաջողվել է մեղադրյալից խլել զենքը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19,109-րդ հոդվածի «լ» ենթակետով (երկու անձի նկատմամբ կանխամտածված սպանության փորձ), որը նախատեսում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։