«Տերյանական օր»-ը Գանձայում

Հուլիսի 12-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում նշվեց մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը, որի շրջանակում տեղի ունեցավ նաև Վահան Տերյանի վերանորոգված տուն-թանգարանի պաշտոնական բացման արարողությունը ։

Տոնակատարությունը սկիզբ առավ  Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված սուրբ պատարագով։ Այնուհետև ներկաները ծաղիկներ խոնարհեցին Վահան Տերյանի կիսանդրու առջև՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին, ինչից հետո ուղևորվեցին վերանորոգված տուն-թանգարան՝ շրջայց կատարելու և ճանաչելու Տերյանի կյանքի ու ստեղծագործության հետ կապված կարևոր վայրերը։

Տոնակատարությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Վրաստանից`  Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը և այլ հյուրեր։Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն իր ելույթում նշեց․

 «Այսօր մենք Վահան Տերյանի ժառանգությունը փոխանցում ենք երիտասարդներին՝ արդեն ժամանակակից մեթոդներով։ Թանգարանը դառնում է մի յուրօրինակ երկխոսություն հին ու նոր սերունդների միջև»։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց․

 «Այսպիսի բազմամարդությունը վկայում է, թե որքան կարևոր է այս օրը բոլորիս համար։ Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում նշվում էին Վրաստանի մշակույթի օրերը, և մենք պայմանավորվեցինք Վրաստանի մշակույթի նախարար տիկին Ռուխաձեի հետ, որ անպայման միասին կմասնակցենք այս միջոցառմանը։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք։ Մշակույթը միավորում է մարդկանց, իսկ Տերյանը իր խոսքով ու ստեղծած մշակույթով առաջիններից էր, ով խոսում էր համամարդկային արժեքների մասին»։

ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և նշեց, որ թանգարանի վերակառուցման աշխատանքները տեղի են ունեցել երեք փուլով. նախ վերանորոգվել է ցուցասրահը, ապա՝ Տերյանի հայրական տունն ու հարակից տարածքը, Վրաստանի պետական և տեղական մարմինների, նաև հայաստանյան գործընկերների աջակցությամբ։

Թանգարանի ճարտարապետական նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, ցուցադրության համադրողը՝ Արգամ Երանոսյանը, դիզայները՝ Արթուր Քոշաթաշյանը։