Առաջարկների կատարման վերջնաժամկետը` մինչև օգոստոս. Կայա Կալաս

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է.

«Ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր մենք Վրաստանի հետ ունենք առանց վիզայի ռեժիմ, ինչը մեծ առավելություն է, որը Եվրամիությունն առաջարկում է երկրներին: Համապատասխանաբար, կան առաջարկություններ, որոնք նշված են Վիզայի կասեցման մեխանիզմի 7-րդ զեկույցում, և ես չեմ կարդա ամբողջ տեքստը, բայց կկենտրոնանամ հիմնական հարցերի վրա:

Օրինակ, հիմնական պարտավորություններից մեկն այն է, որ Վրաստանի կառավարությունը պետք է ապահովի և պաշտպանի Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ հավաքների և խոսքի ազատությունը, անձնական կյանքի գաղտնիությունը և հասարակական կյանքին լիարժեք մասնակցությունը, նաև խտրականության արգելքը»,- նշել է Կալասը։

Նրա խոսքով` Վրաստանին այս առաջարկությունների կատարման համար վերջնաժամկետ է տրվել մինչև օգոստոսի վերջը։

Ըստ բարձրագույն ներկայացուցչի` օրինակ, եթե ընդդիմության առաջնորդներից մի քանիսը ձերբակալվել են, սա արդեն չի համապատասխանում վերևում նշված կետերին։

«Մինչև հիմա Եվրամիությունը փորձել է չվնասել վրաց ժողովրդին` անվիզա ռեժիմի վերացումը մեծ ազդեցություն կունենա նրանց վրա, սակայն, միաժամանակ, Եվրամիության հեղինակության հարցն էլ կա։ Եթե մենք ունենք որոշակի պայմաններ և տալիս ենք բոնուս, բայց երկիրը չի կատարում այդ պայմանները, դրա համար պետք է լինեն հետևանքներ։

Հասարակությունը պետք է տեսնի նաև, որ կառավարությունը եվրոպական ուղուց շեղվել է և լուրջ չի վերաբերվում ԵՄ թեկնածուի կարգավիճակին»,- հայտարարել է Կալասը։