Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարարին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության առևտրի նախարար Օմեր Բոլաթին։ Վերջինս Թբիլիսիում է գտնվում Վրաստան-Թուրքիա բիզնես ֆորումի շրջանակներում:

Այս տեղեկությունը տարածել է կառավարության լրատվական ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը, և նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ուղղություններով:

Հաղորդագրության համաձայն` զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերին և առևտրաշրջանառության աճի դրական միտումին: Նշված է, որ հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կարևորությանը: