«Մթավարի արխի»-ի ֆինանսական վիճակի ուսումնասիրման նպատակով հետաքննություն է սկսվել

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքի կայքը տարածել է տեղեկություն դատախազության կողմից հեռուստաալիքի ֆինանսական վիճակը ուսումնասիրելու համար սկսված հետաքննության մասին։

Այս տեքստի համաձայն՝ դատախազությունը հետաքննությունը սկսել է հեռուստաալիքի հիմնադիրներից մեկի՝ Զազա Օքուաշվիլիի նշանակած տնօրեն Գոգի Քուրդաձեի բողոքի հիման վրա և պահանջել է առգրավել հեռուստաալիքի ֆինանսներին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Գոգի Քուրդաձեն մեղադրում է հեռուստաալիքի համահիմնադիրներին և ղեկավարությանը ֆինանսական խախտումների համար։

«Ցավոք, «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացավ հասնել իր նպատակին և Զազա Օքուաշվիլիի միջոցով փակել երկրի գլխավոր քննադատական հեռուստաալիքը։ Սակայն, կարծես թե, «գլխավոր հեռուստաալիքի» վրա ճնշումները դրանով չեն ավարտվել, և ռեժիմը կրկին փորձում է վրեժ լուծել ընկերության ղեկավարությունից և մյուս հիմնադիրներից՝ հիմնվելով Օքուաշվիլիի զրպարտության վրա», — ասված է հեռուստաալիքի կայքում հրապարակված հայտարարության մեջ։