Թբիլիսիի արվարձանային Սամգորիի շրջանի «Աֆրիկա» բնակավայրի Թվալճրելիձեի փողոցի բնակելի շենքից իրավապահ ոստիկանության աշխատակիցները երեկ տարհանել են տասնյակ ընտանիքների։
Տարհանված բնակիչներից շատերը գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։ Տեղացիների խոսքով՝ նրանք գնալու տեղ չունեն։ Առավոտյան շտապօգնության մեքենա է ժամանել. գիշերը բաց երկնքի տակ անցկացրած տարհանվածներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության անձնակազմը նրան տեղափոխել է հիվանդանոց։
Երեկ ամբողջ օրվա ընթացքում վերոնշյալ փողոցում բախում և իրարանցում էր տիրում։ Հարկադիր կատարման բյուրոն շենքից տարհանել է մոտ 150 ընտանիքի։ Բյուրոյի պնդմամբ` շենքը խարխուլ է, և քաղաքացիների համար այնտեղ գտնվելը վտանգավոր է։ Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է 17 մարդու, այդ թվում՝ ակտիվիստների։ Շենքի քանդման աշխատանքներն ավարտվել են երեկ ուշ գիշեր։
Քաղաքացիների խոսքով՝ առավոտյան մի քանի ժամ է տրվել իրենց իրերը բնակարաններից դուրս բերելու համար, որից հետո սկսվել է շենքի ապամոնտաժումը։
39 ընտանիք դեռևս փողոցում է՝ պահանջելով ձերբակալվածների անհապաղ ազատ արձակում և իրենց բնակարաններով ապահովում։ Տեղեկության համաձայն` ոստիկանությունը նաև ձեռնաշղթաներով է բերման ենթարկել տարհանված բնակիչների մի մասին՝ անհնազանդության մեղադրանքով։
Հինգ շենքերից մեկն արդեն ապամոնտաժվել է։ Տեղում դեռևս մոբիլիզացված է ոստիկանությունը։
Ընտանիքների տարհանման գործընթացին և ընդհանուր իրավիճակին արձագանքել է «Սոցիալական արդարադատության կենտրոն»-ը (SJC)։
Կազմակերպությունը կարծում է, որ «պետությունը չպետք է կոպտորեն խախտի մարդու արժանապատվությունը և այլ իրավունքներ. պետք է կարողանա պահպանել արդարացի հավասարակշռություն մասնավոր և հանրային շահերի միջև»։
ՀԿ-ի տվյալներով՝ վտարման գործընթացի ընթացքում կատարվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, դրանց թվում`
1. «Քննվող գործում ամենահրատապ խնդիրը բնակչությանը տարհանումից հետո այլընտրանքային բնակարանով ապահովելու հարցն է։ Տարածված տեղեկության համաձայն՝ պարզ է, որ բնակչությանն առաջարկվող այլընտրանքը անբավարար է, քանի որ չի ապահովում ընտանիքներին այլընտրանքային, պատշաճ բնակարանով և նրանց թողնում է առանց տանիքի և պատշաճ սոցիալական ապահովության։ Բնակիչների խոսքով՝ իրենք գնալու տեղ չունեն, և տարհանման դեպքում կհայտնվեն փողոցում՝ ծանր վիճակում։
2. Խնդրահարույց են վտարման գործընթացի իրականացման փուլն ու եղանակը։ Վտարման գործընթացի ընթացքում ոստիկանությունը բռնի ուժով վտարում է բնակիչներին, նրանք նույնպես պատմել են իրենց նկատմամբ բռնության մասին։ Երեխաները նույնպես ներկա են, որոնք հետևում են իրենց տների տարհանման գործընթացին և ավերմանը։