Ձերբակալված ցուցարարները հրաժարվել են նիստին մասնակցելուց

Երեկ` հուլիսի 28-ին, խմբակային բռնության մեղադրանքով ձերբակալված բոլոր ութ ցուցարարները լքել են Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատավոր Թամար Մճեդլիշվիլին թույլ է տվել գործի գլխավոր քննիչ Արսեն Խունաշվիլիին իր «հիշողության սարքից» (ֆլեշ) միացնել Զվիադ Ցեցխլաձեի դեմ ներկայացված տեսաապացույց։

Տեսանյութի այդ տարբերակը ձայնային է, մինչդեռ դատարանում պահպանված բնօրինակն անձայն է` ինչպես պարզվել էր հուլիսի 23-ի դատական նիստում։

Փաստաբան Գուջա Ավսաջանիշվիլիի խոսքով՝ չկա որևէ ապացույց, որ դա այն նույն տեսանյութն է, որն անձայն է եղել։

Դատավոր Թամար Մճեդլիշվիլին բավարարել է տեսանյութը միացնելու միջնորդությունը, որից հետո մեղադրյալները հայտարարել են, որ ի նշան բողոքի հրաժարվում են մասնակցել նիստին։

Նիստի ավարտին պարզ է դարձել, որ հուլիսի 30-ին նախատեսված նիստը չեղարկվել է, և հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 4-ին, որը նույնպես նախատեսված էր։

Հիշեցնենք. հուլիսի 23-ին դատական նիստում պարզվեց, որ դատախազության կողմից դատարան ներկայացված գործի նյութերում առկա տեսանյութը, որը ներկայացվել էր որպես ապացույց եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ցուցարար Զվիադ Ցեցխլաձեի դեմ, անձայն էր։