2025 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում «Վրացական երազանք»-ը ստացել է 6.6 միլիոն լարի նվիրատվություն, որը կազմում է մնացած բոլոր կուսակցությունների ստացած նվիրատվությունների 87%-ը։
Տեղեկությունը տարածել է Transparency International Georgia-ն (TI)։ Կազմակերպության տվյալներով՝ «Վրացական երազանք»-ի ստացած նվիրատվությունները 6 անգամ ավելի են, քան մյուս բոլոր կուսակցությունների ստացած նվիրատվությունները միասին վերցրած (1 մլն 19 հազար 578 լարի), ինչն ընդգծում է ֆինանսական ակնհայտ անհավասարությունը։
TI-ն գրել է, որ «Վրացական երազանք»-ի խոշոր դոնորների հնարավոր ներգրավվածությունը համակարգային կոռուպցիայի մեջ բազմաթիվ հարցեր է հարուցում։
Նույն ժամանակահատվածում «Լելո» կուսակցությունը նվիրատվություն է ստացել 410 հազար 125 լարի, «Ժողովրդի ուժ» կուսակցությունը ստացել է 190 հազար լարի, «Միացյալ ազգային շարժում » կուսակցությունը՝ 164 հազար 767 լարի, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը՝ 160 հազար 737 լարի, «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը՝ 37 հազար 288 լարի, «Լեյբորիստական կուսակցությունը»՝ 15 հազար 395 լարի, «Ժամանակն է» (Դրոա) կուսակցությունը՝ 13 հազար 40 լարի և այլն։ Կազմակերպության տվյալներով՝ նվիրատվություններին զուգահեռ ընկերությունները ստացել են պետական պատվերներ։
«Հունիսին «Վրացական երազանք»-ն ունեցել է ընդհանուր առմամբ 44 նվիրաբերող, որոնք նվիրաբերել են ընդհանուր առմամբ 1 մլն 727 հազար 200 լարի, որից 39 նվիրաբերողները Աջարիայի տարածաշրջանից են. նրանք կուսակցության գանձարան են մուտքագրել ընդհանուր առմամբ 1 մլն 541 հազար 100 լարի (89%)»,- հայտնել է TI-ն։