Լաշա Ցանավայի դեմ խափանման միջոց է ընտրվել կալանքը

«Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) քաղաքական խորհրդի անդամ Լաշա Ցանավայի դեմ որպես խափանման միջոց կիրառվել է նախնական կալանքը։

Նրա դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին։

Դատախազությունը Լաշա Ցանավային մեղադրանք է առաջադրել «խոշոր չափի գումարի խարդախ օգտագործման և լիազորությունների չարաշահման փորձի» համար։

Ըստ հաղորդագրության` Լաշա Ցանավան օտարերկրյա քաղաքացուն խոստացել է Վրաստանում մեկ տարվա բնակության թույլտվություն ապահովել, որի դիմաց պահանջել է 5600 ԱՄՆ դոլար։ Ըստ հրապարակված տեղեկության` այդ գումարի մի մասը օտարերկրյա քաղաքացին նրա հաշվին է փոխանցել 2025 թվականի մայիսի 21-ին։

Մեղադրանքները նախատեսում են առավելագույնը ինը տարի ազատազրկում։

Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը Լաշա Ցանավայի և ևս 7 անձանց դեմ քրեական գործ էր հարուցել նաև անցյալ տարվա ապրիլին։

Գործը վերաբերում էր 2009 թվականի հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպին։ Մասնավորապես, ըստ դատախազության, Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչության վարչական շենքի մերձակայքում տեղի ունեցած բողոքի խաղաղ ցույցի ժամանակ ՆԳՆ աշխատակիցները, այդ թվում՝ Լաշա Ցանավան, մահակներով և այլ միջոցներով ֆիզիկական հարձակում են գործել ցույցի մասնակիցների վրա։

Այդ ժամանակ Լաշա Ցանավան լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ իրեն մեղադրանք առաջադրելը «զուտ քաղաքական հարց է»։