Կազմակերպված խմբակային բռնության համար մեղադրվող Ինսաֆ Ալիևը հացադուլ է սկսել։ Այս տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Աիհան Հասանլին։
Փաստաբանի խոսքով՝ մեղադրյալը դիմել է բողոքի այս ծայրահեղ ձևին «իր խցում անմարդկային պայմանների պատճառով»։
Աիհան Հասանլին Ֆեյսբուքում գրել է, որ երեկ՝ օգոստոսի 10-ին, Ինսաֆ Ալիևը բանտի վարչակազմին տեղեկացրել է, որ իր խցում անմարդկային պայմաններ են, մասնավորապես՝ մեծ քանակությամբ խավարասեր կա։
Դրանից հետո Ալիևը և նրա խցակիցները 186-րդ խցից տեղափոխվել են 248-րդ բանտախուց: «Նոր խցում ջուր չկա, և կոյուղու համակարգը խցանված է: Նրանք չեն կարողանում լվանալ ձեռքերն ու դեմքը կամ լվանալ ամանները, ինչի պատճառով չեն կարողանում նաև սնունդ ստանալ, և գործնականում սահմանափակվել է սննդի հասանելիությունը», — գրել է փաստաբանը: Իր պաշտպանյալի հետ նա հանդիպել է բանտում և մանրամասները ներկայացրել է Ինսաֆ Ալիևի վկայության հիման վրա:
Նրա խոսքով՝ Հանրային պաշտպանի գրասենյակն արդեն տեղեկացված է և զբաղվում է այդ գործով:
Հիշեցնենք, Ինսաֆ Ալիևը ձերբակալվել է աշխատավայրում 2024 թվականի դեկտեմբերի 4-ին: Նրան սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում: