Մետրոյի «Վարկեթիլի» կայարանը կբացվի մի քանի օրից

Թբիլիսիի մետրոյի «Վարկեթիլի» կայարանը կբացվի մի քանի օրից. այս տեղեկությունը հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։ Նա ստույգ ամսաթիվ չի նշել։

Կալաձեի խոսքով՝ կայարանի լիարժեք վերականգնումը կավարտվի տարեվերջին։ Ըստ նրա, աշխատանքները տևել են տարիներ, քանի որ Վրաստանում չի գտնվել այս ուղղությամբ աշխատող մասնագետների խումբ։

Հիշեցնենք, որ մետրոյի «Վարկեթիլի» կայարանը հուլիսի 12-ին փակվել է 45 օրով։

Վերականգնողական աշխատանքները սկսվել են դեռևս 2016 թվականին, որից  հետո մետրոն վերաբացվել է 2017 թվականի սեպտեմբերին, սակայն մի քանի ամիս անց՝ 2018 թվականի հունվարի 30-ին, փլուզվել է առաստաղը։ Գնացքին սպասող մարդիկ մնացել են փլատակների տակ։ Փլուզման հետևանքով վիրավորվել է 14 մարդ։

Քաղաքապետարանը 2022 թվականին հայտարարել է «Վարկեթիլի»-ի վերակառուցման և վերանորոգման նոր մրցույթ։ Ապա քաղաքապետարանը խզել է պայմանագիրը մրցույթը հաղթած «Մամիսոն» ընկերության հետ` ստորագրելուց 6 ամիս հետո։

2025 թվականի ապրիլին Թբիլիսիի քաղաքապետը կրկին հայտարարել է, որ բելառուսական ընկերության հետ նոր պայմանագիր է կնքվել։