Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Պերսելի հետ։
Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության առաջնահերթ ոլորտները։
«Ուշադրությունը կենտրոնացվել է երկկողմ ռազմավարական գործընկերության կարևորության վրա։ Նշվել է, որ վրացական կողմը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և ռազմավարական համագործակցության վերականգնմամբ», — ասված է հաղորդագրության մեջ։
Մարիամ Քվրիվիշվիլին ընդգծել է նախագահ Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կարևորությունը, որը նոր զարգացման հնարավորություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Նա նշել է, որ ձեռք բերված արդյունքը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի, ներդրումների և տրանսպորտի առումով։