Սաբոտաժի գործի շուրջ վերջին զարգացումները. հետաքննություններ և ԵՄ արձագանք

Վրաստանում մամուլի և ՀԿ-ների նկատմամբ իրականացվող հետաքննությունները և ձերբակալությունները շարունակվում են: ԵՄ-ն վրդովված է, իսկ քաղհասարակությունը մտահոգված է՝ այս իրավիճակի ֆոնին Վրաստանը կարող է զրկվել ԵՄ առանց վիզայի ռեժիմից:

ՀԿ-ների ցուցակում է նաև Transparency International Georgia-ի գործադիր քարտուղար Էկա Գիգաուրին. Palitranews-ի «Ազատ ստուդիա» հաղորդման ժամանակ նա խոսել է, այսպես կոչված, սաբոտաժի գործի վերաբերյալ ընթացող հետաքննության մասին: «Նրանք պատճառ են փնտրում ՀԿ-ները վերացնելու և քաղաքացիներին անօրինականության ու ճնշման դեմհանդիման մենակ թողնելու համար», — նշել է նա:

Նրա խոսքով` ՀԿ-ների ներկայացուցիչների կալանավորումը նույնպես բացառված չէ։ «Ոչինչ բացառված չէ, մենք ամեն ինչի ենք սպասում։ Այս դեպքերի իրավական գնահատականն անիմաստ է, ամեն ինչ բացարձակապես անօրինական է։ Նպատակը հենց սա է՝ քաղաքացիներին թողնել մենակ անօրինականության առաջ», — ասել է նա:

Գիգաուրին ընդգծել է նաև, որ Վրաստանի կառավարության փոփոխությունը պետք է որոշի միայն ժողովուրդն արդար ընտրությունների միջոցով․ «Վրաց ժողովրդի գործն է՝ ուզո՞ւմ ենք արդար ընտրություններ, անվիզա ռեժիմ, թե` ոչ։ Սակայն «Վրացական երազանք»-ը զավթել է ինստիտուտները և թույլ չի տալիս քաղաքացիներին ազատ որոշում կայացնել»։

Այս հարցի շուրջ խոսել է նաև սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն: Նրա խոսքով` այդ որոշումը նպատակ ունի կազմաքանդելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Միքելաձեն նշել է, որ «Վրացական երազանք»-ը մի շարք օրենքներ է ընդունել քաղաքացիական հասարակության աշխատանքը բարդացնելու համար` նշելով դրանցից մի քանիսը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, FARA-ն և «Դրամաշնորհների մասին» օրենքը։

Հիշեցնենք նաև, որ օգոստոսին դատարանը սառեցրեց մի քանի ազդեցիկ ՀԿ-ների բանկային հաշիվները, իսկ նրանց ղեկավարները կանչվեցին հարցաքննության։ Կազմակերպությունները հայտարարել են, որ դա քաղաքական ճնշում է քաղաքացիական հասարակությանը լռեցնելու նպատակով։

ԵՄ-ն արդեն մտահոգություն է հայտնել՝ զգուշացնելով, որ նման գործելակերպը կարող է վտանգել Վրաստանի եվրոպական ինտեգրացիան և նույնիսկ առանց վիզայի ռեժիմը։