Մեդալակիր շրջանավարտներն իրենց հաջողության մասին

Ախալքալաքի 961-ամյակին նվիրված «Ախալքալաք 2025» միջոցառման տոնական ծրագրի կարևոր մասը դարձավ մունիցիպալիտետում գերազանցությամբ ավարտած շրջանավարտների պարգևատրումը։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան, Սամցխե-Ջավախեթիի հետախուզական դեսպան Զաալ Գելաշվիլին և Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը շնորհակալագրեր և մեդալներ հանձնեցին այն շրջանավարտներին, որոնք 2023-2024 ուսումնական տարին ավարտել էին բարձր առաջադիմությամբ։ Ընդհանուր առմամբ պարգևատրվեց 59 ոսկե և 32 արծաթե մեդալակիր։

Մեդալակիրներից մեկը՝ Արևիկ Խրիմյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ դպրոցն ավարտել է գերազանցությամբ դեռ մեկ տարի առաջ, սակայն պարգևատրության արարողությանը ներկա չի եղել։

«Ես դպրոցն ավարտեցի գերազանցությամբ ու ոսկե մեդալ ստացա, բայց իրականում ինքս այդ մեդալը չտեսա։ Միջոցառումը կազմակերպեցին միայն մեկ տարի անց` սեպտեմբերին, երբ շրջանավարտների մեծ մասն արդեն համալսարաններում էր։ Ինձ համար դա շատ տարօրինակ է․ մրցանակը տրվում է, բայց մրցանակակիրն այդ պահին պարզապես չկա», – ասաց Արևիկը։

Նա հավելեց, որ շատ է աշխատել իր վրա, միշտ ձգտել է լավագույնին և ակտիվ է եղել դպրոցական կյանքում. «Բայց հպարտության պահը չեղավ։ Մեդալը վերջում վերցրին ծնողներս, և ես վստահ եմ՝ նրանք ինձանից պակաս արժանի չէին»:

Արևիկը հիմա սովորում է Ռուս-հայկական համալսարանում, ուսումնասիրում է գովազդագիտություն, զուգահեռ զբաղվում է վեբ-դիզայնով և ծրագրում է սեփական հագուստի բրենդ ստեղծել:

«Իմ իրական մրցանակն իմ նոր նախագծերն են։ Մեդալը պարզապես ավարտված պատմության մի մաս է, իսկ իրական ճանապարհը նոր է սկսվում», – ընդգծեց նա։

«Մեդալը նպատակ է, որին արժե ձգտել», — ասաց Նելի Կապլանյանը, ով ավարտել է Կարտիկամ գյուղի հանրային դպրոցը։ Նա մեզ պատմեց, որ անցած տարի ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան՝ դրամաշնորհով։

«Ես հավաքեցի 70 բալ ու ընդունվեցի համալսարան, իսկ ոսկե մեդալը իմ նպատակներից մեկն էր։ Դա ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև դպրոցական կյանքի լավագույն ավարտի խորհրդանիշն է», – ասաց Նելին։

Նրա կարծիքով՝ նման մրցանակներն աշակերտների համար խթան են լավ սովորելու և նպատակներ դնելու համար։ «Եթե նրանք տեսնեն, որ կա հնարավորություն մեդալ ստանալու, կաշխատեն ավելի շատ և կհասնեն իրենց նպատակներին», – վստահ է Նելին։