TI-ն՝ Էլենե Խոշտարիայի ձերբակալության մասին

Transparency International Georgia կազմակերպությունն արձագանքել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից մեկի` Էլենե Խոշտարիայի ձերբակալությանը Կախա Կալաձեի նախընտրական պաստառը վնասելու մեղադրանքով:

TI-ն նշել է, որ «նախընտրական պաստառը քարոզչական նյութ է, որի հեռացումը, ծածկումը կամ վնասումը պատժվում է վարչական կարգով: Մասնավորապես, նման գործողությունը, համաձայն Վրաստանի ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 71-րդ մասի և 80-րդ հոդվածի 1-ին մասի, պատժվում է 1000 լարի տուգանքով:

Transparency International Georgia-ն գրել է, որ վարչական օրենսդրությամբ արգելված արարքի համար քրեական պատիժը խախտում է իրավունքի մի քանի հիմնական սկզբունքներ, և Էլենե Խոշտարիայի ձերբակալությունը Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով (ուրիշի գույքի վնասում կամ ոչնչացում, որը զգալի վնաս է պատճառել) քրեական արդարադատության գործընթացի չարաշահման ևս մեկ ակնհայտ դրսևորում է:

Հիշեցնենք, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից մեկը՝ Էլենե Խոշտարիան, սեպտեմբերի 14-ին Կալաձեի նախընտրական պաստառի վրա գրել էր «ռուսական երազանք»։ «Վրացական երազանք»-ի դիմումի հիման վրա Ներքին գործերի նախարարությունը նույն օրը հետաքննություն սկսեց, և սեպտեմբերի 15-ին Խոշտարիան ձերբակալվեց։

Ակտիվիստ Մեգի Դիասամիձեն ձերբակալվեց սեպտեմբերի 8-ին նույն արարքի համար և ազատ արձակվեց գրավի դիմաց։