ՀՀ անկախության տոնը նշվեց Թբիլիսիում

Սեպտեմբերի 22-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված համերգ։ Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գիորգի Զուրաբաշվիլին, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին, Թբիլիսիի փոխքաղաքապետ Գիորգի Տկղեմալաձեն, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։

Ելույթ ունեցան ՀՀ դեսպանն ու Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարը, խոսեցին հայ-վրացական հարաբերությունների ձեռքբերումների մասին:

Իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին. դեսպանն այս համատեքստում շնորհակալություն հայտնեց նաև Վրաստանին՝ գործընթացին անվերապահորեն աջակցելու համար։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծեց օրվա կարևորությունը` նշելով Հայաստանի դարավոր պայքարը անկախության համար։ Դեսպանը նաև կարևորեց Հայաստանի ու Թբիլիսիի միջև եղբայրական հարաբերությունների երկար տարիների պատմությունը։

«Վրաստանը միշտ եղել է հայ ժողովրդի կողքին, այս երկու պետությունները գրեթե միասին են բացել անկախության էջը. հազարամյակները ցույց են տվել, որ մեր երկու երկրները կողք-կողքի քայլում են տարիներ շարունակ և միասին բազմաթիվ մարտահրավերներ են հաղթահարել։ Վիրահայոց թեմը յուրովի կամրջող օղակ է երկու երկրների միջև, և կցանկանամ, որ մեր այս ճանապարհը շարունակական լինի»,- ասաց Սմբատյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Վրաստան հարաբերությունները շատ բազմաշերտ ու խոր են, ինչպես ռազմավարական, այնպես էլ այլ ոլորտներում, և շատ կարևոր է պահպանել և ավելի զարգացնել դրանք։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին նույնպես ընդգծեց օրվա նշանակալիությունը, նաև ևս մեկ անգամ շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը՝ անկախության օրվա առթիվ։

Ի դեպ, անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, եռագույնի լույսերով էր վառվել Թբիլիսիի հեռուստաաշտարակը։

Նշենք, որ հանդիպմանը ելույթ ունեցավ նաև Երևանի երիտասարդական նվագախումբը. վերջինս հիմնադրվել է 2023 թվականին։ Համախմբելով առաջատար ուսումնական հաստատությունների տաղանդավոր ուսանողների՝ նվագախումբը երիտասարդ երաժիշտներին տալիս է արժեքավոր մասնագիտական ​​փորձ և համագործակցություն հայտնի դիրիժորների և մենակատարների հետ։ Կարճ ժամանակում նվագախումբը ստեղծել է բազմազան երգացանկ և ելույթներ ունեցել ողջ Հայաստանում։