Վրաստանում ևս մեկ քաղաքական ակտիվիստ է ձերբակալվել

Ակտիվիստ Իսակո Դևիձեին ձերբակալել են Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի մոտ։ Նրան ձեռնաշղթա են հագցրել և տարել ոստիկանական մեքենայով։ 

Ոստիկաններից մեկը ցուցարարին ասել է, որ ձերբակալված Իսակո Դևիձեին մեղադրում են «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար» (վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդված)։ Ըստ ոստիկանի` ձերբակալությունից առաջ Դևիձեին ասել են, որ ճանապարհը չփակի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին լրացավ Վրաստանում եվրոպամետ ցույցերի 300-րդ օրը։ Ցուցարարների պահանջները չեն փոխվել. նրանք պահանջում են անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ժամանակ ձերբակալվածներին։

Հիշեցնենք, որ 10 ամսից ավելի է, ինչ Վրաստանում բողոքի ցույցերը չեն դադարում։ Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան ցույցի այն բանից հետո, երբ «Վրացական երազանք» իշխող կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասաց, որ հաջորդ չորս տարիների ընթացքում Եվրամիությանն անդամակցության բանակցությունների հարցը կասեցվում է։