Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիի օդանավակայանում ուղեբեռի խուզարկության ժամանակ առգրավել են տարբեր տեսակի թմրանյութեր։
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վերոնշյալ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի Մ.Օ.-ն` ծնված 1964 թվականին։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, նաև Վրաստան առանձնապես խոշոր քանակությամբ թմրանյութերի ապօրինի ներմուծման համար։
«Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մեղադրյալի ուղեբեռի խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են առանձնապես խոշոր քանակությամբ տարբեր իրեր, այդ թվում՝ 67 գրամ մարիխուանա և էլեկտրոնային ծխախոտների համար նախատեսված թմրանյութ պարունակող փամփուշտներ։ Առգրավվել է նաև մի քանի տասնյակ կանեփի սերմ», — ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետով և 262-րդ հոդվածի 4-րդ մասի ենթակետերով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։