«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում:
Հաղորդագրության համաձայն՝ նա կմասնակցի այն քննարկմանը, որի հիմնական թեման «Տնտեսական անվտանգություն — Եվրոպական կախվածությունների նվազեցում»-ն է։
«EPC 7-րդ համաժողովի շրջանակներում տարբեր երկրների, այդ թվում՝ եվրոպական պետությունների ղեկավարները և միջազգային կառույցների ղեկավարները կքննարկեն եվրոպական մայրցամաքում անվտանգության և կայունության ամրապնդման հարցը՝ քաղաքական երկխոսության և համագործակցության խթանման միջոցով: Գագաթնաժողովը կբացվի լիագումար նիստով: Նախատեսվում են նաև թեմատիկ քննարկումներ կլոր սեղանի ձևաչափով: Իրակլի Կոբախիձեն կմասնակցի քննարկման, որի հիմնական թեման է «Տնտեսական անվտանգություն — Եվրոպական կախվածությունների նվազեցումը», — նշված է «Վրացական երազանք»-ի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Կոբախիձեն Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողով է մեկնել պատվիրակության հետ միասին, որի կազմում են արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Նշենք. Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովն այս տարի անցկացվում է յոթերորդ անգամ։ Մասնակցելու են 47 պետությունների ղեկավարներ, մասնավորապես՝ ԵՄ անդամ պետությունների և 20 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարները։ Անցյալ տարվա գագաթնաժողովը տեղի է ունեցել Հունգարիայում։