Մեդիայի պաշտպանության կոալիցիան արձագանքել է Թբիլիսիի քաղաքային դատարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքին: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 1-ին, «Փոփոխությունների համար կոալիցիա»-ի անդամ Գելա Խասաիայի դատալսումից հետո. դատական կատարածուների և քաղաքացիների ու լրագրողների միջև ֆիզիկական բախում է տեղի ունեցել։
«Հոկտեմբերի 1-ին «Պուբլիկա» լրատվամիջոցի լրագրող Մինդիա Գաբաձեն սոցիալական ցանցերում տարածել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատական կատարածուների գրասենյակի ղեկավար Դավիթ Մաթիաշվիլին դատավարության մեկնարկից առաջ ուղղակիորեն սպառնացել է իրեն և մի քանի անգամ փորձել է բռնություն գործադրել իր նկատմամբ։
Նույն օրը Թբիլիսիի քաղաքային դատարանի դատական կատարածուների գրասենյակի աշխատակիցը խլել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Նատալի Ջախուտաշվիլիի բջջային հեռախոսը և վերադարձրել վնասված վիճակում: Սա առաջին դեպքը չէ, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները հարձակման են ենթարկվում Թբիլիսիի դատարանի շենքում: «Վրացական երազանք»-ի դատարանը, ինչպեսև ամբողջ պետական համակարգը, դարձել է անարդարության և բռնության խորհրդանիշ», — ասված է կոալիցիայի հայտարարության մեջ։
Կոալիցիան ուշադրություն է հրավիրել լրագրողների նկատմամբ բռնության և ճնշումների աճող վիճակագրության վրա։ Դրանց թվում է «Նեթգազեթի»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ազատազրկման դատավճիռը։