Իլիա II-ը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Նա քվեարկել է շրջիկ քվեատուփի միջոցով, հայտնել է TV Pirveli-ն:

«Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Նորին Սրբություն  Իլիա II-ը մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին», — գրել է Վրաստանի պատրիարքարանը։

Ընտրություններին մասնակցել են նաև ընդդիմության և «Վրացական երազանք»-ի առաջնորդներ, դրանց թվում` Իրակլի Կուպրաձեն, Բադրի Ջափարիձեն, Մամուկա Խազարաձեն, Իրակլի Կոբախիձեն, Իրակլի Ղարիբաշվիլին, Շալվա Պապուաշվիլին և այլք:

Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։