Թբիլիսիի ավագանու՝ սակրեբուլոյի առջև` Ազատության հրապարակում, բեմ են տեղադրել։ «Վրացական երազանքը»-ը ևս բեմ է տեղադրում կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ՝ «հաղթանակը տոնելու» նպատակով։
Հոկտեմբերի 4-ի տեղական ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն։ Պրոպորցիոնալ-մաժորիտար համակարգով ընտրում են 64 ավագանու անդամի` ընդհանուր 2058 անդամ, և ինքնակառավարվող քաղաքների ու մունիցիպալիտետների 64 քաղաքապետի։ 64 մունիցիպալիտետում քաղաքապետի պաշտոնի համար 121 թեկնածու կա։ Նրանցից 9-ը Թբիլիսիում են։
Ընտրություններին բոյկոտ են հայտարարել հիմնական ընդդիմադիր կուսակցությունների մի մասը։ Ընտրությունների մոնիտորինգից այս տարի առաջին անգամ հրաժարվեցին հիմնական տեղական դիտորդական կազմակերպությունները։ Ընտրություններին ԵԱՀԿ-ի առաքելությունը նույնպես չի հետևում։
Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։