Պաատա Բուրճուլաձեն օգտվում է լռելու իր իրավունքից. փաստաբան

«Ռուսթավելիի պողոտա» շարժման առաջնորդ Պաատա Բուրճուլաձեն օգտվում է լռելու իր իրավունքից, հայտարարել է նրա փաստաբան Լևան Կղվելաշվիլին Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունից դուրս գալուց հետո։

Փաստաբանի խոսքով՝ նա կկարողանա ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել գործի նյութերին ծանոթանալուց հետո։

«Ինչ վերաբերում է իր (Բուրճուլաձեի) դիրքորոշմանը, նա օգտվում է լռելու իր իրավունքից։ Ավելի մանրամասն տեղեկություններ կպատմեմ, երբ մեզ ապացույցները ներկայացվեն։ Նրա առողջական վիճակը բավարար է, սակայն ես բժիշկ չեմ և չեմ կարող ճշգրիտ գնահատել նրա վիճակը»,- ասել է փաստաբանը։

Քննչական մարմնի տվյալներով՝ ակցիայի կազմակերպիչներ Մուրթազ Զոդելավային, Պաատա Բուրճուլաձեին և Իրակլի Նադիրաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-222 հոդվածի 2-րդ մասի ենթակետով (ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտը խմբով զավթելու կամ շրջափակելու փորձ), 225 հոդվածի 1-ին մասով (խմբային բռնության կազմակերպում և ղեկավարում) և 317 հոդվածով (Վրաստանի սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու և պետական ​​իշխանությունը տապալելու կոչ), որը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։

Լաշա Բերիձեին մեղադրանք է առաջադրվել 19-222 հոդվածի 2-րդ մասի ենթակետով և 225 հոդվածի 1-ին մասով, իսկ Պաատա Մանջգալաձեին մեղադրանք է առաջադրվել միայն 225 հոդվածի 1-ին մասով. նրանց պատժի ձև և չափ նախատեսվում է մինչև 9 տարի ազատազրկում։