Ըստ «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ)` հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ձերբակալվածներից 4-ը «Միացյալ ազգային շարժման» անդամներ են։
«Երեկ երեկոյան ռեժիմը ձերբակալել է 15 լիովին անմեղ խաղաղ ցուցարարների, նրանց թվում «Միացյալ ազգային շարժման» չորս անդամների՝ Ալեքսանդրե Խաբեշվիլիին, Սերգո Մեգրելիշվիլիին, Աբո Նավերիանիին և Կախա Մժավանաձեին։ Ռեժիմի նպատակն է վախեցնել հայրենասերներին, բայց նրանք չեն հասկանում, որ վրաց ժողովուրդը երբեք չի ընդունի ռուսական կառավարումը»։
Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 4-ի հանրահավաքի կապակցությամբ ձերբակալել է 13 անձի։ Շարունակվում են 2 անձի որոնումները։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 317-րդ (Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական կառավարման տապալման կոչ), 225-րդ (խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն), 222-րդ (հեռուստառադիոհեռարձակման կամ կապի օբյեկտի կամ ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի զավթում կամ արգելափակում) և 187-րդ (օբյեկտի վնասում կամ ոչնչացում) հոդվածներով։