Եվրախորհրդի լրագրողների անվտանգության հարթակը Վրաստանի մեդիայի վերաբերյալ

Եվրախորհրդի լրագրողների անվտանգության հարթակը հայտարարություն է տարածել վրացական լրատվամիջոցներից Հակակոռուպցիոն բյուրոյի ներկայացրած տեղեկատվության պահանջի կապակցությամբ։

Կազմակերպությունը նշված հարցին երկրորդ աստիճանի ահազանգի մակարդակ է տվել։

Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը կոչ է արել «Վրացական երազանք»-ին դադարեցնել մեդիայի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինքնակամ ստուգումները, չեղարկել «Դրամաշնորհների մասին օրենքում» 2025 թվականի ապրիլին կատարված փոփոխությունները և դադարեցնել օրենսդրության չարաշահումն անկախ լրագրությանը վախեցնելու նպատակով։

Ներկայացնում ենք հայտարարությունն անփոփոխ.

«2025 թվականի սեպտեմբերից Վրաստանի իշխանությունը՝ 2025 թվականի ապրիլին ընդունված «Դրամաշնորհների մասին» փոփոխված օրենքի հիման վրա, խստացրել է քաղաքացիական հասարակության և մեդիա կազմակերպությունների նկատմամբ ստուգումները։ Օրենքի նոր դրույթները պահանջում են կառավարության նախնական թույլտվություն օտարերկրյա ֆինանսավորում ստանալու համար, ինչը պետական ինքնակամ միջամտության սպառնալիքի պատճառով խիստ քննադատության է արժանացել։

Սեպտեմբերի 8-ին շուրջ 30 կազմակերպություն, այդ թվում՝ մեդիայի ազատության և տեղեկատվության հասանելիության անմիջական աջակից խմբերը, հայտարարեցին, որ ստացել են ստուգման ծանուցում Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյից, որը, փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, պահանջում է իրենց գործունեության մասին ծավալուն տեղեկատվություն։ Նպատակային կազմակերպությունների թվում են՝ Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI), «Մեդիա կենտրոն Կախեթի»-ն, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA), «Իրավունքներ Վրաստան»-ը, «Քաղաքացիական գաղափար»-ը, Մարդու իրավունքների կենտրոնը։ Չնայած այն հանգամանքին, որ այս կազմակերպությունները մատնանշեցին պահանջների իրավական հիմքի բացակայությունը, սեպտեմբերի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարեց բյուրոյի հայցերն ինը կազմակերպությունների դեմ և պարտավորեցրեց նրանց կատարել պահանջները։

Հոկտեմբերի 2-ին Թբիլիսիում գործող մեդիա հարթակ OC Media-ն տեղեկացրեց, որ ստուգումների ալիքը տարածվել է նաև մի շարք առցանց լրատվամիջոցների վրա։ Դրանց թվում են՝ Project 64-ը, Լեռնային նորությունների հարթակ «Մթիս ամբեբի»-ն, Կազմակերպված հանցավորության ուսումնասիրության մեդիա կենտրոնը, որը ղեկավարում է հետաքննող iFact մեդիան։ OC Media-ի և Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) տվյալներով՝ ավելի քան 60 մեդիա և քաղաքացիական կազմակերպություն պարտավորված են ներկայացնել մանրամասն տեղեկատվություն դոնորների և դրամաշնորհների վերաբերյալ։

Հակակոռուպցիոն բյուրոն պահանջել է ներկայացնել պայմանագրեր, բյուջե, ֆինանսավորման գրաֆիկներ, աշխատանքային պլաններ, կատարողականի հաշվետվություններ։ Այս ամենը ներկայացնելու համար կազմակերպություններին տրվել է ընդամենը երեք աշխատանքային օր։ Նամակներում հստակ իրավական հիմք նշված չէ։

Տուժած մեդիայի խմբագիրներն ու հիմնադիրները գնահատել են այս պահանջները որպես ինքնակամ, անարդարացիորեն ծանր և գաղտնիության իրավունքի խախտում պարունակող։

Այս ստուգումներին նախորդել են հունիսին և օգոստոսին անցկացված մոնիթորինգները, երբ իշխանությունը կիրառեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ պահանջելով զգայուն տվյալներ և սառեցնելով այն խմբերի հաշիվները, որոնք մեղադրվում էին բողոքի ակցիաների աջակցման համար։

Վրաստանի իշխանությունը պետք է դադարեցնի մեդիայի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինքնակամ ստուգումները, չեղարկի «Դրամաշնորհների մասին օրենքում» 2025 թվականի ապրիլին կատարված փոփոխությունները և դադարեցնի օրենսդրության չարաշահումն անկախ լրագրությանը վախեցնելու նպատակով։ Դրամաշնորհներն ու օտարերկրյա ֆինանսավորման կարգավորող օրենքները պետք է լինեն թափանցիկ և համապատասխանեն միավորման ու արտահայտման ազատության միջազգային ստանդարտներին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։