«Բաթումելեբի/Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին կստանա 2025 թվականի Համաշխարհային մամուլի ազատության դափնեկրի մրցանակը։
Մրցանակը սահմանել է Միջազգային մամուլի ինստիտուտը՝ IPI-IMS-ն։ 2025 թվականի մրցանակի դափնեկիր է ճանաչվել 7 լրագրող։
Հաղորդագրության մեջ նշված է, որ նրանցից շատերն ազատազրկվել են, բռնաճնշումների են ենթարկվել, և նրանց գործունեությունը ճնշելու անողոք փորձեր են եղել, «սակայն նրանք շարունակում են ռեպորտաժներ պատրաստել ակնառու տոկունությամբ և լրագրության նկատմամբ հավատարմությամբ»։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Վիեննայում՝ հոկտեմբերի 24-ին, IPI-ի 75-ամյակին նվիրված կոնգրեսի ժամանակ։
«Այս տարվա մրցանակակիրները վկայությունն են առկա այն վտանգների, որոնց բախվում են լրագրողներն ամբողջ աշխարհում, որտեղ ավտորիտարիզմն է արմատավորվում, անպատժելիությունն է գերակշռում, և խոսքի ազատության առջև նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս», — հայտարարել է IPI-ի գործադիր տնօրենը։