Բժիշկ Չախունաշվիլին գրավի դիմաց ազատ է արձակվել

Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ կալանավորված մանկաբույժ և մանկական սրտաբան Գիորգի Չախունաշվիլին ազատ է արձակվել դատարանի սահմանած գրավի վճարումից հետո։

Գրավի չափը կազմել է 20 հազար լարի (մոտավորապես 7400 դոլար)։

Ընտանիքը գումարը հավաքել է քաղաքացիների ակտիվ աջակցության շնորհիվ։

«Շատ շնորհակալ եմ ձեր օգնության համար… Գումարն այնքան արագ էր գալիս, որ հազիվ հասցրի դադարեցնել գանձումը և ջնջել հաշվեհամարը», — Ֆեյսբուքում գրել է բժշկի որդին՝ Կոտե Չախունաշվիլին։

Քննիչները մեղադրում են Վրաստանի ամենահայտնի բժիշկներից մեկին՝ 71-ամյա Չախունաշվիլիին, «մի խումբ անձանց հետ ռազմավարական օբյեկտ գրավելու փորձի» և հոկտեմբերի 4-ի հանրահավաքի ժամանակ «խմբակային բռնությանը մասնակցելու» համար։

Դատախազությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է բժիշկը  նախագահական նստավայրի բակում կանգնած` փողոցից ինչ-որ մեկին կանչում։ Նա շուտով հեռացել է։ Տեսանյութում բռնի գործողություններ չեն արձանագրվել։ Բժիշկն ինքը հայտարարել է, որ որևէ ագրեսիա չի ցուցաբերել և ներկա է եղել միայն բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Բժշկի աջակցության լայնածավալ հասարակական բողոքի ֆոնին դատախազությունը որոշել է չդիմել նրա կալանքի համար մինչև հետաքննության ավարտը։ Գիորգի Չախունաշվիլին հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված 46 անձանցից մեկն է։

Հոկտեմբերի 4-ին՝ ընդդիմության բոյկոտած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում տեղի է ունեցել բողոքի ցույց «խաղաղ հեղափոխության» նպատակով։ Կազմակերպիչների կոչով որոշ ցուցարարներ Ռուսթավելիի պողոտայից տեղափոխվել են Աթոնելիի փողոց և փորձել են ներխուժել նախագահական նստավայր։ Ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին։ Բախումները շարունակվել են մի քանի ժամ։

Հետաքննությունն ընթանում է իշխանության տապալման կոչերի, կարևոր վայրեր ներխուժելու, խմբակային բռնությանը մասնակցելու և գույքի ոչնչացման մեղադրանքներով։