Ըստ ԵԱՀԿ նախագահի` ինքն է չեղարկել Կոբախիձեի հետ հանդիպումը

Ֆիննական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը և անձամբ նախարար Էլինա Վալտոնենն հերքել են «Վրացական երազանք»-ի տարածած տեղեկությունը, ըստ որի` Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ նախատեսված հանդիպումը՝ որպես բողոքի նշան։

Ըստ ֆիննական կողմի՝ Վալտոնենն է իրականում Կոբախիձեի հետ նախատեսված հանդիպումը չեղարկել հանդիպումների ժամանակացույցի փոփոխության պատճառով և դրա մասին տեղեկացրել է վրացական կողմին։

Ֆինլանդիայի ազդեցիկ «Helsingin Sanomat» թերթը հաղորդել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։

Վալտոնենը, որն իր ԵԱՀԿ նախագահության շրջանակներում շրջագայում է Հարավային Կովկասի երկրներում, ասել է, որ իր հանդիպումների ժամանակացույցը փոխվել է, և նա այժմ Ադրբեջանում է։

Նա նաև հերքել է, որ մասնակցել է Թբիլիսիում կայացած բողոքի ցույցին, և տարածված լուրն ապատեղեկատվություն է գնահատել։

«Ես գնացի Ռուսթավելի՝ տեսնելու Վրաստանում շաբաթներ և ամիսներ շարունակ տեղի ունեցող բողոքի ցույցերը։ Ես ուզում էի արտահայտել իմ աջակցությունը խոսքի ազատությանը», — ասել է ֆինն նախարարը։

Հարցին, թե ինչ է մտածում Վրաստանի կառավարության արձագանքի մասին, ԵԱՀԿ գործող նախագահը պատասխանել է.

«Վրաստանի կառավարությունն է որոշում` ինչպես արձագանքել։ Ցավոք, իմ արձագանքը վարչապետի հետ հանդիպումը չեղարկելն էր՝ Ադրբեջան մեկնելու համար», — ասել է Վալտոնենն ըստ ֆիննական թերթի։

Նմանատիպ տեղեկություն է տարածել նաև Ֆինլանդիայի հանրային հեռուստատեսությունը, ըստ որի՝ իրենք Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունից տեղեկություն են ստացել, որ սուտ է, թե Վալտոնենի ու Կոբախիձեի հանդիպումը չեղարկվել է վրացական կողմի նախաձեռնությամբ։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հանդիպումը չեղարկվել է հանդիպումների ժամանակացույցի փոփոխության պատճառով։

Վալտոնենը և նրա պատվիրակությունը ներկայումս գտնվում են Ադրբեջանում և արդեն հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին։