Հրապարակվել է «Վրացական երազանք»-ի ՍԴ հայցադիմումը կուսակցությունների արգելման մասին

Վրաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է «Վրացական երազանք»-ի սահմանադրական հայցադիմումը, ըստ որի` կուսակցությունը միջնորդում է արգելել ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։

Հայցի ստացման ամսաթիվը 2025 թվականի հոկտեմբերի 31-ն է։

Փաստաթուղթը ստորագրել է «Վրացական երազանք»-ի, «Եվրոպական սոցիալիստներ»-ի և «Ժողովրդական իշխանության» 88 պատգամավոր։

Սահմանադրական հայցադիմումով «Վրացական երազանք»-ը ցանկանում է հակասահմանադրական ճանաչել երեք կուսակցությունների գործունեությունը՝ «Միացյալ ազգային շարժում», «Ախալի» և «Լելո»։

Հայցադիմումի մեջ ներառված է նաև «փոքր կուսակցությունների» ցանկ, որոնց արգելումը «Վրացակամն երազանք»-ը ներկայում չի պահանջում, սակայն «նրանց հակասահմանադրականության հարցը կարող է օրակարգում դրվել ավելի ուշ, եթե զգալի ազդեցություն ձեռք բերեն քաղաքական գործընթացների վրա»։

«Քանի որ վերոնշյալ քաղաքական կուսակցությունների գործունեության նպատակն է բռնության միջոցով տապալել և փոխել Վրաստանի սահմանադրական կարգը, ոտնձգություն կատարել Վրաստանի անկախության նկատմամբ և խախտել նրա տարածքային ամբողջականությունը, մենք պահանջում ենք հետևյալ քաղաքական կուսակցությունների գործունեությունը ճանաչել հակասահմանադրական, արգելել այդ քաղաքական կուսակցությունների գործունեությունը և չեղյալ համարել դրանց գրանցումը», — նշված է հայցադիմումում։

Հայցը հիմնականում հիմնված է Ծուլուկիանիի հանձնաժողովի եզրակացության վրա և բաղկացած է հետևյալ մասերից.

  • Վրաստանի Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումները,
  • Հակասահմանադրական քաղաքական կուսակցություններ,
  • Վրաստանի սահմանադրական կարգի տապալում և բռնի փոփոխություն,
  • Մարդու իրավունքների համակարգված խախտում,
  • Վրաստանի անկախության խախտում, երկրի տարածքային ամբողջականության խախտում,
  • 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետ կապված իրադարձություններ,
  • 2012 թվականից հետո զարգացած իրադարձություններ։

Սահմանադրական դատարանն ունի 9-ամսյա ժամկետ հայցը քննարկելու համար։