Վրաց-հայկական 6-րդ իրավական ֆորումը

Թբիլիսիում ընթանում է վրաց-հայկական 6-րդ իրավական ֆորումը։

Միջոցառումը բացել են Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան և ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարներն ընդգծել են Վրաստանի և Հայաստանի միջև արդարադատության ոլորտում սերտ համագործակցության կարևորությունը։

«Մեր երկրների և նախարարությունների միջև ոլորտային համագործակցության այս ձևաչափը երկարատև, բարեկամական, գործնական և արդյունքի վրա կենտրոնացած հարաբերությունների վառ օրինակ է։ Կարծում եմ, ֆորումի շրջանակներում փոխանակված փորձը կօգնի մեր երկրների իրավական համակարգերի մերձեցմանը, իսկ միջոցառման ընթացքում տեղի ունեցած բազմազան քննարկումները կհարթեն ավելի ինտենսիվ համագործակցության ճանապարհը», — ասել է Պաատա Սալիան։

ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արդարադատության նախարարին հյուրընկալության համար և ընդգծել, որ ֆորումը կարևոր դեր է խաղում երկու երկրների միջև գործընկերության խորացման գործում։ Նրա խոսքով՝ Վրաստանի փորձը եվրաինտեգրման և վիզայի ազատականացման գործընթացներում կօգնի Հայաստանին բարեփոխումների հաջող իրականացման գործում։

Հաղորդագրության համաձայն` երկու երկրների իրավական հաստատությունների ներկայացուցիչները թեմատիկ նիստերում կքննարկեն այնպիսի արդիական հարցեր, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, թվային ծառայությունների զարգացումը, արհեստական ​​բանականության դերն իրավական ոլորտում և այլն։

Երկօրյա այցի ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարության պատվիրակությունը կծանոթանա Վրաստանի արդարադատության նախարարության ենթակայության հաստատություններում ներդրված պրակտիկային և աշխատանքային փորձին, այդ թվում՝ կայցելի Արդարադատության տուն և Կանանց ուղղիչ հիմնարկ։