Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման երկարատև դրական դինամիկան։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հատուկ կարևորությունը։
«Մենք ուրախ ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Իհարկե, բարձր մակարդակի հաճախակի այցելությունները նույնպես դրա ապացույցն են։ Շնորհակալություն ենք հայտնում Վրաստան գալու համար, ձեր անձնական աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։
Մենք շատ սերտ համագործակցություն ունենք ՀՀ կառավարության հետ։ Վստահ ենք, որ այս դինամիկայով, այս տեմպերով ապագայում մեծ հաջողությունների կհասնենք հարաբերությունների հետագա զարգացման առումով», — ասել է Իրակլի Կոբախիձեն։
ՀՀ նախագահը կենտրոնացել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վրա։
«Շատ շնորհակալություն Վրաստանի կառավարությանը ջերմ ընդունելության համար։ Ես երեկ ժամանեցի և այնպիսի տպավորություն ունեմ, որ միշտ այստեղ եմ եղել։ Սա պայմանավորված է մեզ ցուցաբերված ուշադրությամբ և այստեղ մեզ համար ստեղծված միջավայրով։
Վստահ եմ, որ սա նաև մեր երկրի վարչապետի և ձեր անձնական հարաբերությունների, հուսալի գործընկերության շնորհիվ է, և վստահ եմ, որ բարձր մակարդակի հանդիպումներն ամրապնդում են մեր հարաբերությունները և նոր հնարավորություններ ստեղծում մեզ համար։ Մենք ամեն ինչ անում ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը նպաստելու համար։ Վստահ եղեք, որ հայկական կողմի վերաբերմունքի և մոտեցումների մեջ փոփոխություն չի լինի։
Մեր ընդհանուր ցանկությունն է տարածաշրջանում խաղաղության և կայունություն, ներքին քաղաքական կայունության հաստատումը։ Կարծում եմ, մեր բնակչությունը՝ թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում, կգնահատի կառավարությունների ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրների ինքնիշխանությանը և անկախությանը», — ասել է Վահագն Խաչատուրյանը։
ՀՀ նախագահը երեկ՝ նոյեմբերի 19-ին, հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Նրանք նաև քննարկել են ներկայիս քաղաքական զարգացումները և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունն արագ փոփոխվող միջազգային կարգի պայմաններում։