Լորդերի պալատի անդամ Ջորջ Ֆոլքսը հարցում է ներկայացրել Արտաքին գործերի նախարարությանը վրացի պաշտոնյաների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ՝ բողոքի ցույցերը ցրելու համար քիմիական զենքի օգտագործման մասին հաղորդագրությունների առնչությամբ։
«Արդյո՞ք կառավարությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ այն հաղորդագրություններից հետո, որ Վրաստանի կառավարությունն արգելված քիմիական նյութեր է օգտագործել 2024 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին բողոքի ցույցերը ցրելու համար», — նշված է հարցման մեջ։
Այս շաբաթ BBC-ն հրապարակել է հետաքննություն, ըստ որի` բրոմբենզիլ ցիանիդը (կամիտ), ենթադրաբար, օգտագործվել է 2024 թվականի վերջին Թբիլիսիում ցուցարարների դեմ` ստանդարտ արցունքաբեր գազի փոխարեն։ Լրագրողները ենթադրում են, որ կամիտն ավելացվել է ջրցան մեքենաների մեջ։