ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նստաշրջանի շրջանակներում «Լրագրողների անվտանգության բարեկամներ»-ի ոչ պաշտոնական խմբի անդամները համատեղ հայտարարություն են արել, որը վերաբերում է նաև Վրաստանին։
«Վրաստանում, որը մի ժամանակ լրատվամիջոցների ազատության առումով տարածաշրջանային առաջատարն էր, իշխանությունները ոտնձգություններ են սկսել անկախ լրագրության դեմ՝ հետապնդումների, սպառնալիքների, օրենսդրական և դատական գործողությունների, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների անարդար կալանավորումների միջոցով», — ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը արվել է Ավստրիայի, Կանադայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Հունաստանի, Լատվիայի, Լիտվայի, Չեռնոգորիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի անունից։
Հայտարարությանը միացել են նաև հետևյալ երկրները՝ Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Կիպրոս, Չեխիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Լեհաստան, Պորտուգալիա, Սան Մարինո, Սլովենիա և Շվեյցարիա։