Եվրոպամետ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Ռոման Ակոփովը պատմել է, որ իր վրա հարձակում են գործել: Դեպքը տեղի է ունեցել ժամեր առաջ՝ Ակոփովի տան մոտ: Հարձակման պահին Ակոփովի հետ է եղել իր 10-ամյա որդին։
«Ես տնից դուրս եկա, գնում էի աշխատանքի: Փողոցում կանգնած էր մի երիտասարդ, հավանաբար 30 տարեկան: Առաջին անգամն էր, որ տեսնում էի այս մարդուն, իրականում չգիտեմ՝ ով էր: Նա հայհոյում էր բողոքի ակցիայի մասնակից մարդկանց. չգիտեմ՝ որքանով են այս խոսքերը կրկնելու արժանի: Չգիտեմ՝ նա սադրիչ էր, թե՝ ով, չեմ ուզում ենթադրություններ անել: Ես չկարողացա դիմանալ և զգուշացրի նրան, որ փողոցում չհայհոյի»,- պատմել է քաղաքացին։
Սա առաջին դեպքը չէ, երբ բողոքի ակցիայի մասնակից քաղաքացին հարձակման է ենթարկվում։ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքների դեմ բողոքի ակցիաներից ի վեր բազմաթիվ քաղաքացիներ և ցուցարարներ ենթարկվել են հարձակման, բայց այդ դեպքերը չեն հետաքննվում։