Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է․
2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։ Այս հայտարարությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող են տրամադրել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունները, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30 հազար լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի.
• Ապահովագրական պայմանագրի կողմեր
• Ծածկույթի տարածք
• Ապահովագրության առարկա
• Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ
• Ապահովագրված ռիսկեր
• Ապահովագրական գումարի չափ
• Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։
Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։