ԵՄ շնորհավորական ուղերձը Վրաստանին

Վրաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը Ամանորյա շնորհավորական ուղերձ է հրապարակել։ Ուղերձում նշվում է, որ ԵՄ-ն հավատում է Վրաստանին, ինչպես վրաց ժողովուրդը հավատում է ԵՄ-ին։

«Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Այսօր, երբ հույսն ու միասնությունը հատկապես կարևոր են, մաղթում եմ, որ գալիք տարին ձեզանից յուրաքանչյուրին բերի խաղաղություն, բարգավաճում և հավատ մեր ընդհանուր եվրոպական ապագայի նկատմամբ՝ ապագա, որը մենք կշարունակենք միասին կառուցել։

Մենք հավատում ենք Վրաստանին, ինչպես վրաց ժողովուրդը հավատում է ԵՄ-ին», — ասվում է շնորհավորական նամակում։

Հիշեցնենք. Եվրոպական հանձնաժողովի այս տարվա ընդլայնման զեկույցում նշվում է, որ Վրաստանում ժողովրդավարական իրավիճակը վատթարացել է: Փաստաթղթում նշվում է, որ, ինչպես Եվրոպական խորհուրդը եզրակացրել էր դեռևս 2024 թվականի դեկտեմբերին, Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը «փաստացի կասեցված է». նշվում է, որ 2025 թվականին Վրաստանը լրացուցիչ «նշանակալի հետընթաց» ունեցավ  ժողովրդավարության առումով, և այժմ երկիրը պահպանում է միայն թեկնածուի կարգավիճակի «անունը»։