Վրաստանի կառավարության որոշմամբ` 2026 թվականի հունվարի 1-ից արգելվել է անասնաբուժական գործունեությունն առանց պետական վկայականի։
Սննդի ազգային գործակալության հաղորդմամբ՝ անասնաբույժի պետական վկայական ստանալու համար անձը պարտավոր է դիմել գործակալություն և ներկայացնել որոշման մեջ նշված փաստաթղթերը։ Դրանց թվում են «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքում նշված համապատասխան դիպլոմը, անասնաբույժի վկայականը կամ համապատասխան մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթուղթը։
Ըստ գործակալության՝ մինչև 2026 թվականի հունվարը պետական վկայականը տրամադրվում էր առանց պետական քննություն հանձնելու և շարունակական մասնագիտական կրթության ծրագրին մասնակցելու։ Այսկերպ տրամադրված վկայականների վավերականության ժամկետը սահմանվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը։
Ինչպես են անցկացվելու քննությունները
Վկայագրման քննությունները կազմակերպելու է Շրջակա միջավայրի տեղեկատվության և կրթության կենտրոնը։
Քննությունը կանցկացվի տարեկան երկու անգամ՝ թեստային ձևաչափով, լեզուներ՝ վրացերեն, անգլերեն կամ ռուսերեն։
Անբավարար արդյունքի դեպքում անձն իրավունք ունի քննությունը հանձնելու ևս 2 անգամ 1 տարվա ընթացքում (6 ամսվա ընդմիջմամբ)։
Կստեղծվի անասնաբույժների ազգային գրանցամատյան՝ միասնական էլեկտրոնային տվյալների բազա, որտեղ կգրանցվեն մասնագետի որակավորման, աշխատանքի վայրի և շարունակական մասնագիտական կրթության մասին տեղեկությունները։
Օրենսդրությունը նաև սահմանում է խիստ պատժամիջոցներ խախտումների համար։ Անասնաբույժի վկայականը կարող է կասեցվել կամ չեղյալ հայտարարվել, եթե՝
- էականորեն խախտում է մասնագիտական չափորոշիչները,
- վտանգում է կենդանու կյանքը.
- գործում է վկայականի շրջանակներից դուրս։
Նոր կանոնը չի տարածվում պետական բյուջետային կազմակերպության նախատեսած պաշտոնում աշխատող անասնաբույժների, նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության համակարգում աշխատող անասնաբույժների գործունեության վրա։ Բացառություն են կազմում կրթական և գիտական հաստատություններում, միջազգային կազմակերպություններում և ծրագրերում կամ նախագծերում աշխատող անասնաբույժները, որոնք անմիջականորեն չեն զբաղվում անասնաբուժական գործունեությամբ։