Ակադեմիական անձնակազմի ցանկին կավելանա առաջատար պրոֆեսորի պաշտոնը

Այսօր՝ փետրվարի 3-ին, բացվել է Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը։

Խորհրդարանին արդեն ներկայացվել են «Հանրակրթության մասին» և «Բարձրագույն կրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը, որոնք մշակել է Կրթության և գիտության նախարարությունը՝ արագացված կարգով քննարկման համար։

«Բարձրագույն կրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների պարզաբանման մեջ գրված է, որ օրինագծի հիմնական նպատակներից մեկը կրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում կադրային քաղաքականության կատարելագործումն է։

«Այդ նպատակով, ներկայացված օրինագծի համաձայն, բարձրագույն ուսումնական հաստատության ակադեմիական անձնակազմի ցանկին կավելանա առաջատար պրոֆեսորի պաշտոնը։

Օրինագծով սահմանվում է, թե ով կարող է ընտրվել վերոհիշյալ ակադեմիական պաշտոնում. դոկտորի կամ դրան հավասարեցված ակադեմիական աստիճան ունեցող անձը, որն ունի առնվազն 8 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձ, ունի բացառիկ գիտական ձեռքբերումներ (գիտական հրապարակումներ առաջատար տեղական և միջազգային ամսագրերում ու այլ հրատարակություններում, մասնակցություն ազգային և միջազգային գիտահետազոտական նախագծերին և այլն) և բավարարում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված լրացուցիչ պայմանները»,- նշված է նախագծի պարզաբանման մեջ։

Օրինագծի համաձայն՝ կկարգավորվեն նաև նշված պաշտոնն զբաղեցնող անձի ակադեմիական խորհրդի անդամության և դեկանի ընտրության գործընթացին մասնակցելու իրավունքները։