Աշակերտի նկատմամբ բռնությանն անդրադարձի հարցը կկարգավորվի ենթաօրենսդրական ակտով

Աշակերտի նկատմամբ ուսուցչի կամ ուսումնական հաստատության այլ աշխատակցի կիրառած բռնությանն անդրադարձի հարցը կկարգավորվի ենթաօրենսդրական ակտով` ոչ թե օրենքով։

Խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նիստում «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել փոփոխել առաջարկը, որի համաձայն՝ ուսուցչին, նաև հանրակրթական հաստատության մեկ այլ աշխատակցին, որի պայմանագիրը լուծվում է աշակերտի նկատմամբ բռնության պատճառով, 3 տարով սահմանափակվելու էր հանրակրթական հաստատությունում աշխատելու իրավունքը։

Հանձնաժողովի քննարկման ժամանակ նշվել է, որ 3 տարվա սահմանափակումը կհանվի օրենքից, և հարցը կվերապահվի Կրթության և գիտության նախարարությանը։

Խորհրդարանն արագացված կարգով կքննարկի «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ներառում են դպրոցներին առնչվող նոր նախաձեռնություններ։

Օրենքի նախագիծը մշակել է Կրթության և գիտության նախարարությունը։