Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն, առաջին տեղակալ Ռոնի Մեսխիի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտում և աշխատակիցներին ներկայացրել նոր տնօրեն Սերգի Բզիշվիլիին:
Այս տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը:
Նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն, Սերգի Բզիշվիլին այդ պաշտոնում փոխարինել է Կախա Մուրադաշվիլիին, որը կշարունակի իր ծառայությունը որպես Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
«Գելա Գելաձեն ոստիկանության դեպարտամենտի նորանշանակ տնօրենին մաղթել է հաջող աշխատանք:
Ներքին գործերի նախարարն աշխատանքային հանդիպման ժամանակ դեպարտամենտի աշխատակիցներից մանրամասն տեղեկատվություն է լսել հանցագործության դեմ պայքարի և տարածաշրջանում ոստիկանական կանխարգելիչ միջոցառումների մասին:
Գելաձեն շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին տարածաշրջանում կարգուկանոնի պահպանման համար:
Սերգի Բզիշվիլին նախկինում զբաղեցրել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Նա ունի Ներքին գործերի նախարարությունում ղեկավար պաշտոններում աշխատելու երկարամյա փորձ», — ասված է հաղորդագրության մեջ: