Փետրվարի 5-ին Թբիլիսիում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն:
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն իր ուղերձում հույս հայտնեց, որ զինված ուժերի և սպառազինության կիրառման կարիք չի լինի:
Դեսպանն անդրադարձավ տարածաշրջանում անվտանգության հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած խաղաղության համաձայնագրի ազդեցությանը Կովկասում:
«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության իր իսկ օրակարգին: Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրի շնորհիվ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատվել է խաղաղություն, և մեր նպատակն է զարգացնել և ինստիտուցիոնալ դարձնել այդ խաղաղությունը: Հայաստանը չունի հավակնություններ որևէ պետության տարածքների նկատմամբ և նույնը ակնկալում է հարևաններից:

Հայաստանի զինված ուժերի զարգացումն ու արդիականացումն ուղղված է ապահովելու մեր երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, և մենք լիահույս ենք, որ զինված ուժերի և սպառազինության կիրառման կարիք չի լինի», — նշեց դեսպանը:
Դեսպանը վերջում շնորհավորեց օրվա առթիվ հավաքվածներին և հատկապես զինծառայողներին:

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն ևս շնորհավորական ուղերձ հղեց` մատնանշելով Վրաստանի և Հայաստանի ամուր կապի մասին:
Ռազմական կցորդ, գնդապետ Միքայել Ջուլհակյանն իր խոսքում նշեց բարեփոխումների մասին.

«Անգնահատելի է հայրենիքի պաշտպանության գործում հայ թե՛ կին և թե՛ տղամարդ զինծառայողների անմնացորդ նվիրումը, դրա վկայությունը մեր հարուստ պատմությունն է, դասերն ու ապագային միտված տեսլականը։
Ցանկանում եմ ընդգծել բանակում ընթացող արդյունավետ բարեփոխումների իրողությունները. այսօր արդեն ունենք պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում, բոլոր զինծառայողներին ընձեռված է ատեստավորման հնարավորություն, ինչը խթան է արհեստավարժության փոխգործակցության հնարավորությունների»: