Առողջապահության նախարարությունն սկսում է սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայի ստուգումը, այսօր՝ փետրվարի 20-ին, հայտարարել է «Վրացական երազանք»-ի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։
Նրա խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում գրանցված և ֆինանսական օգնություն ստացող ընտանիքների թիվը գերազանցում է 185 հազարը, իսկ նման ընտանիքների անդամների թիվը կազմում է 710 հազար։
Տվյալների բազայում գրանցված է ընդհանուր առմամբ առնվազն 400 հազար ընտանիք` մոտ 1 մլն 300 հազար մարդ։ Նրանց կեսից ավելին օգնություն չի ստանում, բայց զգալի մասն օգտվում է օրենսդրությամբ նախատեսված տարբեր տեսակի արտոնություններից։
Ըստ Սարջվելաձեի` սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազան բազմիցս դարձել է քաղաքական անազնիվ շահարկումների առարկա։
«Նշենք, որ 2012 թվականից ի վեր, ավելի շատ մարդկանց աջակցելու համար, նպաստների ստացումը որոշող միավորը կրկնապատկվել է։ Եթե միավորը չբարձրանար, այսինքն՝ եթե պետությունը նպաստներ չտրամադրեր նույնիսկ համեմատաբար ավելի ապահովվածներին, ապա նպաստ ստացող ընտանիքների թիվն այսօր առավելագույնը 120 հազար կլիներ՝ 185 հազարի փոխարեն», — ասել է Սարջվելաձեն։
Նրա խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազան չի համապատասխանում երկրի տնտեսական առաջընթացին։