Թբիլիսիի սակրեբուլոն հաստատել է մայրաքաղաքի տարածքում ընտանի կենդանիների խնամքի և պահման կանոնները:
Փաստաթղթի համաձայն՝ կատուներին և շներին կշնորհվի 4 կարգավիճակներից մեկը. տեր ունեցող, կցագրված ((խնամակալվող) է համարվում այն կենդանին, որն ազատորեն բնակվում է որոշակի տարածքում, և նրա վերահսկողությունն ու խնամքն ապահովում է խնամակալը) չհսկվող (սա այն կենդանին է, որն ունի տեր, բայց տվյալ պահին գտնվում է դրսում առանց հսկողության) և անտեր:
Կենդանու տիրոջն արգելվում է մեկ կադաստրային կոդով գրանցված տարածքում պահել 5-ից ավելի կենդանի (այդ կենդանիների ձագերից բացի, որոնց տարիքը չի գերազանցում 6 ամիսը), այն դեպքում, եթե տվյալ տարածքը չի բավարարում օրենսդրությամբ սահմանված կենդանիների կացարանի նվազագույն չափանիշները:
Տվյալների միասնական բազայում որպես կենդանու տեր կարող է գրանցվել միայն 16 տարին լրացած անձը: Դրա հետ մեկտեղ, պոտենցիալ բարձր ռիսկի շան տեր գրանցվելու համար պարտադիր է հոգեկան վիճակի մասին տեղեկանքի ներկայացումը:
Հատկանշական է, որ տիրոջ մահվան դեպքում նրա ժառանգը պարտավոր է տվյալների միասնական բազայում գրանցվել որպես տեր, իսկ եթե ժառանգը հրաժարվում է ժառանգությունն ընդունելուց, նա պարտավոր է ապահովել կենդանու համար նոր տիրոջ որոնումը, իսկ նոր տեր գտնելու անհնարինության դեպքում՝ նրա տեղափոխումը կացարան:
Կցագրման (խնամակալության) դեպքում անձը պարտավոր է գրանցվել տվյալների միասնական բազայում: Կցագրման սեփական ցանկության դեպքում կողմը պետք է դիմի գրանցող մարմնին: Միաժամանակ, այն դեպքում, եթե կցագրված կենդանին սատկել է, խնամակալը պետք է մեկ ամսվա ժամկետում դիմի գրանցողին:
«Միկրոչիպի/տրանսպոնդերի կամ ականջի նշանի (պիտակի) կորստի կամ վնասման դեպքում տերը/խնամակալը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դիմել գրանցող մարմնին՝ կենդանու կրկնակի նույնականացման նպատակով», — նշված է փաստաթղթում:
Կենդանու գրանցման ժամանակ տրվում է գրանցման վկայական, ինչի արդյունքում կենդանուն շնորհվում է գրանցման վկայականի համարին համապատասխան անձնական համար:
«Կենդանու տերը պարտավոր է կենդանու գրանցման պահին կամ գրանցման պահից 30 օրացուցային օրվա ժամկետում ապահովել կենդանու նույնականացման հնարավորությունը Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով: Նույնականացուցիչը պետք է հնարավորություն տա պարզելու կենդանու անձնական համարը և նույնականացումն իրականացնողին», — կարդում ենք որոշման մեջ:
Կենդանու տերը պատասխանատու է կենդանու առողջության, խնամքի և նրա բարեկեցության համար, նաև այլ մարդկանց ու կենդանիների նկատմամբ սեփական կենդանուց բխող վտանգների կանխման համար:
Կենդանու տերը պարտավոր է հատուցել իր սեփականության տակ գտնվող կենդանուց հասցված վնասը: Դրա հետ մեկտեղ, տերը պարտավոր է ապահովել կենդանու պահումը և խնամքը՝ կոնկրետ ցեղատեսակի կենդանու կենսաբանական և էթոլոգիական առանձնահատկություններին համապատասխան: Մասնավորապես՝
• Կենդանու պատշաճ կերակրում,
• Կենդանու նույնականացում-գրանցում օրենսդրությամբ սահմանված կարգով,
• Կենդանու համար քնելու տեղի առանձնացում-կազմակերպում, տաքացում և լուսավորում,
• Կենդանու զբոսանք, տեղափոխում, պատշաճ ֆիզիկական ակտիվություն և այլն։
Հատուկ վայր կենդանու տեղափոխման և օրական խնամքի ծախսը կազմում է՝
• Տեղափոխում հատուկ վայր — 100 լարի
• Օրական խնամք. շան համար՝ 15 լարի, կատվի համար՝ 10 լարի
Փոփոխությունները կսկսեն գործել 2026 թվականի հուլիսի 1-ից: