Եվրախորհրդարանի անդամ Ռասա Յուկնևիչիանեի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին երբեք չի ցանկացել, որ Վրաստանն անդամակցի Եվրամիությանը։
Այս թեմայով նա խոսել է Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նիստում։
«Իմ գնահատականն այսպիսին է. Բիձինա Իվանիշվիլին երբեք չի ցանկացել, որ Վրաստանը միանա Եվրամիությանը՝ սկսած 2012 թվականի առաջին ընտրություններից, երբ իր կուսակցությունը հաղթեց։ Ահա թե ինչու նա վերադարձավ Ռուսաստանից այնտեղ վաստակած միլիարդներով՝ Վրաստանի եվրատլանտյան ուղղությունը փոխելու համար։ Նրա և Ռուսաստանի նպատակները համընկնում են՝ պետության գրավում և ավտոկրատական կառավարում՝ այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք Բելառուսում և Ռուսաստանում։
Նա և իր կուսակցությունը մանիպուլյացիայի ենթարկեցին վրաց ազգին և հրապարակավ հայտարարեցին, որ ինքն ու իր կուսակցությունը ԵՄ-ի կողմնակից են։ Սակայն, գործնականում, նրանք ամեն ինչ արեցին հակառակ ուղղությամբ գնալու համար», — ասել է Յուկնևիչիանեն: