Ըստ Անդրիա Ջաղմաիձեի՝ Իլիա II-ի կտակի բովանդակությունը հայտնի է

Պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար, ավագ քահանա Անդրիա Ջաղմաիձեն լրագրողների հետ զրույցում խոսել է Վրաստանի երջանկահիշատակ Պատրիարք Իլիա II-ի կտակի մասին: Նա լրագրողներին հայտնել է, որ Պատրիարքի կտակը հայտնի է դարձել դեռ 9 տարի առաջ, երբ նա տեղապահ նշանակեց Մեուփե Շիոյին:

«Այն բանից հետո, երբ Պատրիարքը 2017 թվականի նոյեմբերի 23-ին հայտարարեց իր տեղապահի անունը, առաջին մեկնաբանության համար հեռուստատեսություն գնալուց առաջ Պատրիարքն ինձ բացատրեց, թե ինչ պետք է խոսել: Թուղթ ունեի մոտս և գրի էի առնում նրա խոսքը, այդ թուղթը մինչ օրս պահել եմ:
Նա (Իլիա II-ը) ասաց հետևյալը.

«Խոսակցություններ կան, թե որտեղ է կտակը կամ ինչ է գրված դրա մեջ. որպեսզի այլևս չհետաքրքրվեն այս թեմաներով, այն ամենը, ինչ պետք է գրված լիներ կտակում, ես արդեն գրել եմ և բարձրաձայն հայտարարել (նկատի ունի իր գլխավոր կամքը՝ թե ով պետք է լինի տեղապահը — հեղ.), որպեսզի այլևս քննարկումներ չլինեն դրա մասին։

Հետևաբար, պետք է համարենք, որ այն հրամանը, որը Պատրիարքը գրել էր մոտ ինը տարի առաջ, հենց նրա կտակն է»,- ասել է ավագ քահանա Անդրիա Ջաղմաիձեն:

Իլիա II-ի մասին

  • Պատրիարք Իլիան (աշխարհիկ անունը՝ Իրակլի Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին:
  • Պատրիարք է օծվել 1977 թվականին:
  • Տարիներ շարունակ սոցիոլոգիական հարցումներով նա Վրաստանի ամենավստահելի և հանրաճանաչ հասարակական գործիչն էր:
  • Իլիա Երկրորդը 2025 թվականի մարտի 16-ին տեղափոխվեց հիվանդանոց, իսկ մարտի 17-ին 93 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն:
  • Մարտի 22-ին նրան հուղարկավորեցին Սիոնի տաճարում՝ խորանի ձախ կողմում: Նրա հուղարկավորության օրը մայրաքաղաքի փողոցներ էին դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

2017 թվականի նոյեմբերի 23-ին Իլիա Երկրորդը հայտնեց իր տեղապահի անունը. Պատրիարքի տեղապահ դարձավ Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի):
Եկեղեցու կառավարման կանոնադրության համաձայն՝ Կաթողիկոս-Պատրիարքի մահվան դեպքում տեղապահը ղեկավարում է եկեղեցին մինչև նոր Կաթողիկոս-Պատրիարքի ընտրությունը: Մարտի 18-ին՝ Իլիա Երկրորդի մահից հետո, Սինոդը նրան հաստատեց որպես տեղապահ:

Ինչպես է ընտրվում նոր Պատրիարքը

Նոր Պատրիարքի վերաբերյալ որոշումը կայացնում է Սուրբ Սինոդը, որն ընտրում է երեք թեկնածու, և Վրաստանի եկեղեցու ընդլայնված ժողովը, որտեղ պետք է ընտրվի Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը:
Ընդլայնված ժողովը հրավիրում է տեղապահը՝ պատրիարքական գահի թափուր մնալուց 40 օր հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք ընտրված է համարվում այն թեկնածուն, որը կստանա ժողովին մասնակցող քահանայապետերի ձայների կեսից ավելին:Քվեարկելու իրավունք ունեն միայն քահանայապետերը (եպիսկոպոսները): Այս պահին Սինոդում կա 39 քահանայապետ: